Քաղաքական քարոզչությունը դպրոցներում․ «Ականատես»-ի և ՄԻՊ-ի արձագանքը

ՀՀ վարչապետի մասնակցությամբ կազմակերպված նախընտրական միջոցառման ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման և անչափահասներին քարոզչությանը ներգրավելու դեպքերին առնչությամբ արձագանքներ են հրապարակել «Ականատես» դիտորդական առաքելությունը և Մարդու իրավունքների պաշտպանը։

«Ականատես»-ի տվյալներով, 2026 թվականի մայիսի 13-ին Ապարան համայնքում տեղի ունեցած միջոցառման ընթացքում դիտորդները տեղում արձանագրել են մի շարք խիստ խախտումներ։ Ըստ հաղորդագրության՝ համայնքի և հարակից բնակավայրերի մի քանի դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները աշխատանքային ժամերին, դասերի ընթացքում, մասնակցել են քարոզչական միջոցառմանը։

Առավել մտահոգիչ է այն, որ ուսուցիչների և տնօրինության անմիջական հրահանգով աշակերտները դուրս են բերվել դասապրոցեսից՝ վարչապետին դիմավորելու և քարոզչական միջոցառմանը մասնակցություն ապահովելու նպատակով։ Երեխաներին բաժանվել են դրոշներ, իսկ դպրոցականներին նախապես տրվել են պարտադրողական բնույթի ցուցումներ՝ անգամ արտաքին տեսքի, հագուստի և սանրվածքի վերաբերյալ։

Դիտորդները նաև ականատես են եղել, թե ինչպես են որոշ դպրոցների ղեկավարներ և մանկավարժներ հեռախոսազրույցների ընթացքում բարձրաձայն և խիստ տոնով հրահանգավորում՝ պահանջելով ապահովել երեխաների պարտադիր և կազմակերպված մասնակցությունը։ Ըստ «Ականատես»-ի տվյալների՝ Ծաղկաշեն գյուղի դպրոցի աշակերտներին ոչ միայն ազատել են դասերից, այլև բաժանել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշներով շապիկներ։ Հավաքի կազմակերպման աշխատանքներն իրականացրել է Էդգար անունով մի անձ։

Առաքելությունը նշել է նաև մասնավոր հատվածի աշխատակիցների, մասնավորապես՝ «Գնթունիք» ընկերության անձնակազմի կազմակերպված ներկայությունը քաղաքական միջոցառմանը։

«Ականատես»-ը հստակորեն արձանագրում է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների ներգրավումը նախընտրական գործընթացներին, ուսումնական պրոցեսի կասեցումը և անչափահասներին որպես քաղաքական ֆոն օգտագործելը հակասում են ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացվածության սկզբունքներին և ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին։

Իր հերթին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ։ Նա վերահաստատել է, որ պետությունը, կրթական հաստատությունները և բոլոր իրավասու մարմինները պարտավոր են երաշխավորել միջավայր, որտեղ ուսումնական գործընթացը չի խաթարվի որևէ արտաքին միջամտությամբ, այդ թվում՝ քաղաքական գործընթացներով պայմանավորված գործողություններով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) նույնպես հայտարարություն է տարածել՝ նշելով, որ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված հետևանքները կիրառելու նպատակով կնախաձեռնվի առանձին քննություն։ Նախարարությունը վստահեցրել է, որ ստացված բոլոր ահազանգերը կուղարկվեն նաև իրավապահ մարմիններին։

ՀՀ վարչապետի մասնակցությամբ կազմակերպված նախընտրական միջոցառման ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման և անչափահասներին քարոզչությանը ներգրավելու դեպքերին առնչությամբ արձագանքներ են հրապարակել «Ականատես» դիտորդական առաքելությունը և Մարդու իրավունքների պաշտպանը։ «Ականատես»-ի տվյալներով, 2026 թվականի մայիսի 13-ին Ապարան համայնքում տեղի ունեցած միջոցառման ընթացքում դիտորդները տեղում արձանագրել են մի շարք խիստ խախտումներ։…