«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն դադարեցնում են համագործակցությունը

Հայաստանում գործող «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» քաղաքացիական միավորումը որոշել են դադարեցնել իրենց համատեղ աշխատանքը։ Այս մասին հայտարարվել է «ՀայաՔվե»-ի խորհրդի կողմից տարածված հայտարարության մեջ։

Փետրվարի 27-ին երկու կազմակերպությունները ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ ցանկություն հայտնելով հանդես գալ միասնական ճակատով 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Անցած ժամանակահատվածում երկու կողմերի ղեկավար մարմիններն ու անդամները մեծ ջանքեր են գործադրել միասնական քաղաքական ծրագիր մշակելու և նոր քաղաքական ուժ ձևավորելու համար։

«Միևնույն ժամանակ, մենք, անցած ժամանակահատվածի ընթացքում, չենք կարողացել հասնել միասնական դիրքորոշման մի շարք հիմնական ծրագրային հարցերի շուրջ։ Ուստի, այս փուլում, որոշել ենք ավարտել մեր համատեղ աշխատանքը այս ձևաչափով»,- նշված է «ՀայաՔվե»-ի հայտարարությունում։ Կազմակերպությունը երախտագիտություն է հայտնում իր անդամներին և աջակիցներին ցուցաբերած վստահության և համագործակցության համար՝ մաղթելով միմյանց հաջողություններ հայրենիքի անվտանգության և բարեկեցության պայքարում։

Հիշեցնենք, որ «ՀայաՔվե»-ն Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության օրենսդրական նախաձեռնություն է, որի նպատակն է պաշտպանել ազգային շահերը՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայոց ցեղասպանության հարցերում։ Այն իրեն ներկայացնում է որպես ուղղակի ժողովրդական ինքնիշխանության գործիք՝ նպատակ ունենալով կանխելու քաղաքական զիջումները, որոնք, ըստ նախաձեռնության մասնակիցների, սպառնում են Հայաստանի անվտանգությանը և ինքնիշխանությանը։ Շարժումը համակարգում է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Միասնության թևեր»-ը, իր հերթին, ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի կողմից հիմնադրված քաղաքական նախաձեռնություն է, որը նախատեսում է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձգտելով դառնալ «լուռ մեծամասնության»՝ քաղաքացիների 60-70%-ի ձայնը, որոնք չեն աջակցում ո՛չ կառավարությանը, ո՛չ էլ ավանդական ընդդիմությանը։

Հայաստանում գործող «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» քաղաքացիական միավորումը որոշել են դադարեցնել իրենց համատեղ աշխատանքը։ Այս մասին հայտարարվել է «ՀայաՔվե»-ի խորհրդի կողմից տարածված հայտարարության մեջ։ Փետրվարի 27-ին երկու կազմակերպությունները ստորագրել էին համագործակցության հուշագիր՝ ցանկություն հայտնելով հանդես գալ միասնական ճակատով 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Անցած ժամանակահատվածում երկու կողմերի ղեկավար մարմիններն ու անդամները…