Հունիսի 7-ի ընտրությունները կեղծ էին, ոչ թե ընտրություններ, այլ իշխանության բռնազավթում

Որպես Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ՝ հայտարարում եմ, որ հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծ էին, նախապես ծրագրված և կենտրոնացված ղեկավարությամբ իրականացված հանցավոր գործողություն, որի նպատակն էր ժողովրդի կամքը յուրացնելը։

Մեր կուսակցությունը հետևողականորեն արձանագրել է, որ ընտրական գործընթացն ի սկզբանե զրկված էր ազատ, արդար և մրցակցային բնույթից։ Այդ համոզմունքից ելնելով՝ մենք որոշեցինք չմասնակցել մի գործընթացի, որի ընթացքն ու արդյունքը կանխորոշվում էին ոչ թե ժողովրդի կամքով, այլ վարչական մեքենայի ճնշմամբ։

Նիկոլ Փաշինյանի վարչախումբը ոչ մի պարագայում չի հանդուրժելու ազատ ու արդար ընտրություն, քանի որ ազատ ընտրությունը նրա համար պարտություն է։ Ընտրությունների օրը և դրան նախորդած ամբողջ ժամանակահատվածն ամբողջությամբ հաստատեցին մեր նախազգուշացումների հիմնավորվածությունը։

Մենք կիսում ենք ընտրություններին մասնակցած ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ հունիսի 14-ի համատեղ հայտարարության գնահատականները։ Վարչական ռեսուրսի համատարած գործադրումը, պետական ու համայնքային ծառայողների ահաբեկումը, ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների քաղաքական հետապնդումները, ընդդիմադիր շտաբերի կանխամտածված կաթվածահարումը, պետական և իշխանամետ լրատվամիջոցների վերածումը վարկաբեկման գործիքի, ձայների ուղղակի կեղծումն ու ընտրատեղամասերի արդյունքների աղավաղումը մեկ ընդհանուր կենտրոնից ղեկավարվող հանցավոր ծրագրի օղակներն են։ Սա առանձին խախտումների շարք չէ, այլ պետական մեքենայի ուժով իրականացված համակարգային ընտրակողոպուտ։

Այս հանցավոր ծրագիրն իր ավարտին հասցրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը իր որոշմամբ իրականացրեց Ազգային ժողովի 3/5 մեծամասնության բացահայտ ուզուրպացիա՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի»։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապօրինաբար հրաժարվեց երեք ընտրատեղամասերում վերաքվեարկություն կազմակերպելուց՝ զրկելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունից։

Պետական բոլոր մարմինները՝ ներառյալ իրավապահ համակարգը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և այսպես կոչված անկախ մարմինները, ապօրինաբար ծառայել են և շարունակում են ծառայել բացառապես Նիկոլ Փաշինյանի վերարտադրության շահին՝ միտումնավոր չապահովելով իրապես ժողովրդավարական ընտրությունների անցկացման օրինական պայմանները։

Հանրապետական կուսակցությունը հայտարարում է․

Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը։
Այդ արդյունքների հիման վրա ձևավորվող Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմին չէ, այլ յուրացված մանդատների հավաքածու՝ զուրկ ժողովրդավարական որևէ լեգիտիմությունից։ Մենք նման կերպ ձևավորված Ազգային ժողովը և դրա ստեղծած իշխանությունը չի ճանաչում որպես հայ ժողովրդի կամքի օրինական արտահայտություն։
Երկիրը խորը ներքաղաքական ճգնաժամի մեջ գցելու և դրա հնարավոր ողջ հետևանքների քաղաքական ու իրավական պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով իշխանությունն ամեն գնով պահելու համար ոտնահարեց ժողովրդի ընտրելու սահմանադրական իրավունքը և վտանգի ենթարկեց հայոց պետականության հիմքերը։

Մենք կոչ ենք անում ազգային-պետական պատասխանատվություն կրող բոլոր քաղաքական ուժերին և յուրաքանչյուր քաղաքացու՝ հաղթահարել տարակարծությունները և համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ վերականգնել ժողովրդի յուրացված ընտրությունը և պաշտպանել Հայաստանի պետականությունը։

Մենք պայքարելու ենք հետևողականորեն և անզիջում՝ բացառապես Սահմանադրության, օրենքի և ժողովրդավարական սկզբունքների ուժով՝ ի պաշտպանություն քաղաքացիների ընտրական իրավունքի, Հայաստանի Հանրապետության պետականության շահերի և ժողովրդավարության հիմնարար արժեքների։

Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր։ Հանրապետությունը եղել և մնում է մեր բարձրագույն արժեքը։

Որպես Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ՝ հայտարարում եմ, որ հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծ էին, նախապես ծրագրված և կենտրոնացված ղեկավարությամբ իրականացված հանցավոր գործողություն, որի նպատակն էր ժողովրդի կամքը յուրացնելը։ Մեր կուսակցությունը հետևողականորեն արձանագրել է, որ ընտրական գործընթացն ի սկզբանե զրկված էր ազատ, արդար և մրցակցային բնույթից։ Այդ համոզմունքից ելնելով՝ մենք որոշեցինք չմասնակցել…